Այսօր համաշխարհային քաղաքականությունում քչերն են խելքով փայլում, հատկապես ամերիկյան ֆիլիալներում և հավաքական Արևմուտքի երկրներում՝ տգիտությունն ու անմեղսունակությունն են տիրում այնտեղ: Իսկ ինքնակործանման և ընդհանրապես պետությունների վերացման համար չկան ավելի լավ գործիքակազմ ու միջոցներ, քան տգիտությունն ու անմեղսունակությունը: Օրինակ, կատարյալ անմեղսունակ և տգետ էին բանդերական էլիտաները և նրանց արևմտյան վերադասները, որոնք որոշեցին պատերազմ անել Ռուսաստանի հետ, ավելին, այսօր էլ նրանք չեն գիտակցում իրենց քաղաքականության կործանարարությունը, հույսեր են փայփայում, թե՝ հեսա բենզինը կէժանանա, սանկցիաները Ռուսաստանը կսնանկացնեն, Tomahawk հրթիռներն էլ կստանանք և կհաղթենք: Բնականաբար, կատարյալ տգետ են նաև նրանք, ովքեր չեն գիտակցում իրենց գլխի գալիքը մի քանի տարուց, ինչպես 2021-ին բանդերական էլիտան չկարողացավ երկու քայլ առաջ տեսնել ու մտածել և գործը հասցրեց ՈՒկրաինայի լուծարմանը: Այդ անմեղսունակ տգետների ցանկում են ՀՀ ժողվարչապետն ու նրա էֆենդին:
ՈՒրեմն, 2021-ի դեկտեմբերի 15-ին ՌԴ նախագահը ուլտիմատում ներկայացրեց Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին՝ երկուսի հետ երկու պայմանագրի նախագիծ: Ինչպես գիտենք, հավաքական Արևմուտքը մերժեց դրանք ՈՒկրաինայի գնով, սակայն մոտենում է նաև այդ նախագծերի մյուս ֆիգուրանտների զոհաբերման ժամանակը: Ի՞նչ էր պահանջում Պուտինը Արևմուտքից:
ՈՒրեմն, Ամերիկայի մասով ասված էր. ԱՄՆ հրաժարում նախկին ԽՍՀՄ պետություններում ռազմական բազաների գաղափարից, որևէ ռազմական համագործակցության դադարեցում նրանց հետ; ԱՄՆ պարտավորություն՝ բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք և նախկին ԽՍՀՄ պետությունների ընդունումը դաշինքի կազմում:
ՆԱՏՕ-ՌԴ պայմանագրի նախագծում ասված էր. 1997-ից հետո ՆԱՏՕ անդամ դարձած պետությունների տարածքից բոլոր զինված ուժերի և ռազմական ենթակառուցվածքների դուրսբերում, որոնք հայտնվել են այնտեղ 1997-ից հետո; ՆԱՏՕ ընդլայնման բացառում, այդ թվում՝ ՈՒկրաինայի և այլ պետոթյունների անդամակցության, ՈՒկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի որևէ ռազմական գործունեությունից հրաժարում:
Հիմա, ժողվարչապետին իր էֆենդու հետ հանձնարարված է Թրամփի ուղի կառուցել: Իբր, բարի գործերի համար, իսկ իրականում՝ Թուրանի: Դե, սրանք էլ, քանի որ տգետ են, ընդ որում՝ մեկն էլ անգրագետ (գոնե Ալիևը գիտելիքներ ստացել է ժամանակին Մոսկվայում՝ գրագետ է, ինչը տգետ լինելը չի բացառում), չեն հիշում Վլադիմիր Պուտինի ուլտիմատումը կամ չեն էլ կարդացել՝ սրանց համար աշխարհի ամենազոր, ամենահզոր և ամենասուրբ բանը Ամերիկան է: Հետևաբար, չեն գիտակցում, որ իրենց հանձնարարված է, մեղմ ասած, յան տալ Ամերիկայից ու ՆԱՏՕ-ից, իսկ ողբերգությունն այն է, որ սրանք չեն գիտակցում, թե ինչ կգա իրենց գլխին հակառակ դեպքում:
Լավ, մի՞թե սրանք չեն հասկանում, որ Թրամփի ուղին ոչ այլ ինչ է, եթե ոչ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցություն, ինչպես նաև ռազմական գործողությունների իրականացում, քանզի մասնավոր ռազմական ընկերության առկայությունն այլ բան չի նշանակում: Եթե սրանք էսքանը գիտակցում են և շարունակում նույն էշը քշել, ապա պետք է ենթադրել, որ սրանք պարզապես լուրջ չեն ընդունում Պուտինին, թեպետ Պուտինը սրանց և ողջ աշխարհին իր լրջությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք ու առիթ չի տվել՝ բանդերականների սպանդը վկա: Էլ չեմ խոսում այն մասին, որ նախագծերում էֆենդուն հստակ ասվում է՝ Ադրբեջանից ռադ անել բոլոր թուրքական ուժերն ու ռազմական ենթակառուցվածքները, քանզի Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: Բայց էֆենդու տանձի՞ն է այս ամենը…
Եթե մեր տարածաշրջանում առյուծներ ապրեին, կարելի կլիներ ենթադրել, որ սրանք առյուծի սիրտ են կերել: Իսկ քանի որ առյուծի սիրտ չկա, մեկ բան պետք է եզրակացնել. անմեղսունակության հետ համեմված տգիտությունը սրանց թույլ չի տալիս ընկալել իրականությունն այնպես, ինչպես այն կա, սրանք համոզված են, որ իրենց ընդհանուր սրբավայրը թույլ չի տա իրենց գլխից մազ պակասի, ինչպես և ժամանակին բանդերականները: Բայց ինչի՞ հասավ ՈՒկրաինան…
Դժվար է ասել, թե ինչպիսի մեթոդներով Վլադիմիր Պուտինը կվերացնի Թրամփի ուղին: Եվ երբ՝ շինարարությունից հետո՞, թե՞ ընթացքում կամ նախապես: Բայց մի բան կարող ենք հստակ ասել. բանդերականների սպանդից հետո աշխարհում կմոռանան թե Թրամփի ուղու, թե ՀՀ ժողվարչապետի և նրա էֆենդու մասին: Իսկ թե ինչ կմնա Հայաստանից ու Ադրբեջանից, դժվար է ասել…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Իսկ հայրենի ընդդիմությունն ընտրությունների է պատրաստվում, ուզում է իր արևին ժողվարչապետից ազատվել, Արևմուտք հաղթել... Չեն հասկանում, որ Թրամփի ուղուց զատ այդ նպատակին հասնելու այլ տարբերակ չկա: Եթե հասկանային, հիմա տրակտորներով, էքսկավատորներով Սյունիքում կաշխատեին, մեր նյարդերից հեռու:
Շա՜տ ափսոս...